23/03/2010 14:05
Պարենային անվտանգությունը լուրջ ուշադրության կենտրոնում է
«Պարենային անվտանգությունը մեր երկրում լուրջ ուշադրության կենտրոնում է գտնվում: Հատկապես, դրա համար խթան հանդիասացավ օսական հակամարտությունը, երբ երկու շաբաթվա ընթացքում հաղորդակցման միջոցների ընդհատման արդյունքում լուրջ խնդիրներ եղան»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա հավաստեց, որ դրա արդյունքում ներկայումս ավելի մեծ ուշադրություն է դարձվում պետական ռեզերվի կայացմանը, դրանում կուտակվող ապրանքների տեսականուն, դրա պահպանման ու թարմացման խնդիրներին և ավելի մեծ ուշադրություն է դարձվում ներքին արտադրողի կողմից արտադրվող գյուղատնտեսական ապրանքներին: Գ. Մինասյանի խոսքով, զանազան մեթոդներ պետք է կիրառեն, որպեսզի խրախուսեն տեղական արտադրողներին ավելի մեծ տեսականի արտադրել, քան բնակչությունը սպառում է: Սակայն նա միաժամանակ նշեց, որ դա թույլ չեն տալիս նաև գյուղատնտեսական հնարավորությունները:
Գյուղատնտեսական արտադրությունը խթանելու համար ՀՀ կառավարությունն, ըստ Գ. Մինասյանի, ներկայումս ծրագիր է իրականացնում, որի համաձայն` որոշակի շրջաններում չմշակվող հողատարածքները մշակու դեպքում գյուղացիներին հատկացվում է 30 հզ. դրամ յուրաքանչյուր հեկտարի համար:
Գ. Մինասյանը նաև հայտնեց, որ անցած շաբաթ մասնակցել է Քիշնևում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների կազմակերպության շրջանակներում համաժողովին, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային պարենային անվտանգության հարցերը:
«Տնտեսական աճի զարգացմանը զուգահեռ մենք պետք է գտնենք նոր հնարավորություններ` խրախուսելու մեր գյուղատնտեսությունը, որպեսզի պարենային անվտանգության ավելի ու ավելի մեծ բաժինը կարողանանք ապահովել հենց ներքին արտադրողի շնորհիվ»,- կարևորեց Գ. Մինասյանը: