24/03/2010 13:46
Վրաստանն ընդունում է Գուանտանամոյի կալանավորներին
Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստան է ուղարկել Գուանտանամոյի ռազմական բանտի երեք կալանավորների: Նրանց տեղեափոխումը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, իրականցվել է միայն այն բանից հետո, երբ երկու կողմերի իշխանությունները համաձայնեցրել են անվտանգության անհրաժեշտ միջոցները:
Ինչպես հաղորդում է Ֆրանս-Պրեսս գործակալությունը, այս առիթով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին երախտիքի խոսքեր է հայտնել Վրաստանի կառավարությանը:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի կառավարությանը` Գուանտանամոյի բանտը փակելու հարցում աջակցության պատրաստակամության համար», - ասել է Ֆ.Քրոուլին:
Համաձայն Վրաստանի ՆԳ նախարար Շոթա Ուտիաշվիլիի` երեքշաբթի օրը Վրաստան ժամանած նախկին կալանավորները ծագումով մերձարևելյան երկրներից են: Նախարարը հայտնել է, որ նրանք «ազատ կլինեն, կապրեն ինչպես սովորական քաղաքացիները և կունենան մշտական կապ իրենց ընտանիքների հետ»: Սակայն, այնուամենայնիվ, նրանց արգելվում է լքել Վրաստանի տարածքը: