25/03/2010 15:38
Երևանում մեկնարկել է երկօրյա խորհրդաժողով
Այսօր Երևանում մեկնարկեց ՀՅԴ կազմակերպած երկօրյա խորհրդաժողովը «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողություններ» թեմայով:
«Մեր կոնֆերանսի հիմնական նպատակն է ներկայացնել սոցիալիստական գաղափարախոսությունը` առաջին հերթին կոտրելով այն կարծրատիպը, որ սոցիալիզմը մարդու ազատությունը սահմանափակող գաղափարախոսություն է կամ միտված է բացառապես պետական մենաշնորհ հաստատելուն»,- իր խոսքում նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Միասյանը և հավելեց, որ այսօր Հայաստանը կանգնած է այնպիսի իրավիճակի առջև, որտեղ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մի հատված պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, բայց մի զգալի հատված ունի տեղական առանձնահատկություններ:
«Շատ կարևոր է, որ միջազգային փորձն էլ ներկայացվի: Սրանով է պայմանավորված նաև արտասահմանյան շատ ներկայացուցիչների մասնակցությունը այս կոնֆերանսում, որտեղ ներկայացվում են իրենց երկրների փորձը, և որտեղ կերևա, թե ինչպիսի դրական ձեռքբրումներ է տվել հասարակության իրական սոցիալիզմը»,- ընդգծեց Ա. Մինասյանը:
Խորհրդաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հունաստանի, Արգենիտինայի, Չիլիի, Իրանի պատվիրակներ, ներկայացված են նաև Հայաստանի և Սփյուռքի քաղաքական շրջանակները, գիտական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: