25/03/2010 11:27
Ոստիկանություն. Անցած յոթ օրվա ամփոփագիր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի մեկ դեպք, որը բացահայտվել է:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվության վարչությունը, նույն ժամանակահատվածում արձանագրված ավազակային հարձակման 3 դեպքից բացահայտվել է 1-ը, մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը:
Արձանագրված խուլիգանության 6 և խարդախության 66 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 64 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 11 և ավազակային հարձակման 2 դեպք: Արձանագրվել է նաև հրդեհի բռնկման 1 և թունավորման 3 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 45-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: