26/03/2010 11:20
ՀԿԵ-ն ու «Վրացական երկաթուղիներ»-ը կհամագործակցեն
Թբիլիսիում մարտի 22-23-ը կայացել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի և «Վրացական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Իրակլի Էզուգբայի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են մի շարք հարցեր` ուղևորների և բեռանափոխադրումների, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀԿԵ ընկերության մամուլի ծառայությունից:
ՀԿԵ ու «Վրացական երկաթուղիներ» ընկերություններ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի մարքետինգի վերլուծությամբ և Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնահոսքերի ավելացման ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկի:
Խորհրդակցության գլխավոր թեման «Երևան-Բաթումի-Երևան» հաղորդակցային ուղու կազմակերպումն էր` առաջիկա հանգստյան սեզոնի նախաշեմին: Կողմերը եկել են համաձայնության առ այն, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքի երկու ուղղություններով տոմսերի 80 տոկոսը վաճառի ՀԿԵ-ն:
Խորհրդակցության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել Երևան-Թբիլիսի ուղղությունը սպասարկող գնացքի երթևեկի ժամանակի ու ճանապարհի կրճատման հարցին: Ընկերությունների ղեկավարությունները կարևորել են փորձի և տեղեկատվության փոխանակումը` համագործակցության հետագա ամրապնդման և տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման համար հավասար մատչելիություն և մրցակցություն ապահովան համատեքստում: