26/03/2010 14:29
Երևանում և մարզերում կստեղծվեն եվրոպական տեղեկատվական կենտրոններ
Համաձայն Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խումբը մշակել է ԵՄ տեղեկատվական ռազմավարություն, որի իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ԵՄ տեղեկատվական կենտրոններ: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը և ԵՄ անդամ երկրների դեսպանները մարտի 26-ին քննարկել են այդ կենտրոնների ստեղծման նախագիծը:
Կարևորելով ԵՄ աջակցությունն ու օժանդակությունն այս կենտրոնների ստեղծման գործում` Ա. Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ տեղեկատվական կենտրոնների ստեղծմամբ Հայաստանը լուրջ քայլ է կատարում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է տարածաշրջանում, որ կունենա նման կենտրոններ. «Այս կենտրոններն ունեն բացառիկ կարևոր առաքելություն: Աշխարհում գործում են 600-ից ավելի եվրոպական տեղեկատվական կենտրոններ: Մենք եվրոպացի փորձագետների հետ ուսումնասիրել ենք այդ կենտրոնների լավագույն փորձը և ծրագրել, թե ինչպես է կազմակերպվելու եվրոպական կենտրոնների գործունեությունը Հայաստանում»:
Հայաստանում նախատեսվում է ունենալ 10 կենտրոն, մեկական` յուրաքանչյուր մարզում, և մեկը` մայրաքաղաքում:
Կենտրոնների ստեղծման նպատակը տեղեկատվության տրամադրումն է փորձագետներին և լայն հանրությանը` ԵՄ նպատակների և գործընթացների, արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ, շահառուների լայն շրջանակին` Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության վերաբերյալ, քաղաքացիներին` սոցիալ տնտեսական և խորհրդատվական այլ ոլորտներում, գործարարներին և կազմակերպություններին` բիզնեսի կառավարման և խորհրդատվական այլ ոլորտներում:
Կենտրոններում պարբերաբար կիրականացվեն հանրության համար բաց և մատչելի տեղեկատվության տրամադրում, հրատարակությունների բաժանում, դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, եվրոպական դասընթացներ, տեղեկատվական ցուցանակների ներկայացումներ, քարոզչական աշխատանքներ, թերթերի համար ներդիրների պատրաստումներ և այլն:
«Այս կենտրոնների ստեղծումը շատ կարևոր նշանակություն կունենա ԵՄ-ի և նրա ինստիտուտների մասին մեր հանրությանն իրազեկելու առումով: Կարևոր է, որ բոլոր տեղեկատվական կենտրոնները միասնական ցանցով կապված լինեն իրար: Մենք ուզում ենք այս ծրագրում լայնորեն ներգրավել բուհական հատվածին, որովհետև փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր երկրներում գործող 600 կենտրոնները սերտորեն կապված են բուհական համակարգի հետ, նաև`ուսանողների համար տեղեկատվության ստացման լավ հնարավորություն են: Կենտրոնների ստեղծումը մեծ նշանակություն կունենա նաև մեր գործարար հատվածին անհրաժետ խորհրդատվություն մատուցելուառումով, հատկապես` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանք կարող են այս կենտրոնների միջոցով առավելագույն տեղեկատվություն ստանալ ԵՄ անդամ երկրների օրենսդրության, լավագույն փորձի մասին, ինչպես նաև` կապեր հաստատել իրենց գործընկերների հետ»,-ասել է Ա. Բաղդասարյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը ողջունել է Հայաստանում եվրոպական տեղեկատվական կենտրոնների ստեղծման գաղափարը. «ԵՄ գործունեության և կառույցների մասին Հայաստանում տեղեկատվություն տարածելու նկատմամաբ մեծ հետաքրություն կա, և դա ողջունելի է»: