26/03/2010 12:56
Համալսարանականները մեկնում են ԼՂՀ
Արդեն երկրորդ տարին է` ԵՊՀ ղեկավարության և Ուսանողական խորհրդի անմիջական մասնակցությամբ Մայր բուհի ներկայացուցիչները այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես տեղեկացնում է ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, համալսարանականների այցելության հիմնական նպատակը Հայաստան-Արցախ մշակութային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումն է, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացումը, Քաշաթաղի և Քարվաճառի բնակչությանը զորավիգ կանգնելը:
Պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 30 ներկայացուցիչներից և 50 ուսանողներից բաղկացած համալսարանական պատվիրակության խմբում են ԵՊՀ ռեկտորը, մի շարք վաստակաշատ դեկաններ և դասախոսներ, ինչպես նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչները, ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:
Համալսարանականները կլինեն Քարվաճառում և Քաշաթաղում: Երկու շրջաններում էլ նախատեսվում է անցկացնել ծառատունկեր: Համերգային ծրագրով կներկայանան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, նվագախումբը, պարի համույթն ու անհատ կատարողները:
ԵՊՀ ուսանողները դատարկաձեռն չեն գնում: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ համալսարանականները ԼՂՀ-ի Քարվաճառի և Քաշաթաղի կրթական օջախներ կտանեն նախապես հայտարարված գրքահավաքի շնորհիվ հավաքված շուրջ 7000 կտոր ուսումնական և գեղարվեստական գրականություն:
Համալսարանականները կվերադառնան մարտի 29-ին: