29/03/2010 12:42
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 21,8%-ով
ՀՀ 2010 թ-ի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 106,2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 68,3 և 57,5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14,3%-ով, ծախսերի գծով` 12,6%-ով,- տեղեկացնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը:
Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21,8%-ով կամ 18,5 մլրդ դրամով: Ընդ որում, 19%-ով (12,9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները և պետական տուրքերը, 28,1%-ով (3,6 մլրդ դրամով) պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 50.5%-ով կամ 2,1 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 78%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 15,9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6,1%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1,7 մլրդ դրամ: