30/03/2010 15:26
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն «Գրան Պրիին»
Ապրիլի 25-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Նալչիկում տեղի կունենա ՖԻԴԵ-ի կանանց շախմատի «Գրան Պրի» մրցաշարը: Այս մասին հայտնել է Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը: ԿԲՀ-ի մայրաքաղաք կժամանեն Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի, Վրաստանի, Շվեդիայի, Մոնղոլիայի, Թուրքիայի, Ռուսաստանի և Կատարի ուժեղագույն շախմատիստուհիները: Մասնակիցների թիվը հասնում է 12-ի:
Ռուսաստանը հեղինակավոր այդ մրցաշարում կներկայացնեն Տատյանա Կոսինցևան և Բաիրա Կովանովան, Հայաստանը` Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, Հնդկաստանը` Համփի Կոներուն, Չինաստանը` Խոու Իֆանն ու Չժաո Սյուեն, Վրաստանը` Նանա Ձագնիձեն, Շվեդիան` Պիա Կրալինգը, Կատարը` Ժու Չենը, Մոնղոլիան` Մոնղոնթուլ Բաթհույագը, Թուրքիան` Յիլդիզ Բեթուլը: Մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակվել Սավա Ստոյսավլևիչը (Սերբիա):
Հիշեցնենք, որ 2008 թ. Նալչիկում տեղի է ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որում մոլորակի չեմպիոնի կոչումը նվաճել է Ալեքսանդրա Կոստենյուկը` երկար տարիների ընդմիջումից հետո Ռուսաստանին վերադարձնելով շախմատային թագը: Իսկ 2009 թ. ապրիլին այդ քաղաքում կայացել է տղամարդկանց շախմատի «Գրան Պրի» շարքի 4-րդ մրցաշարը, որն ավարտվել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մաքուր հաղթանակով: