30/03/2010 09:40
Մոսկվայում պայթյուններից վիրավորների թվում երկու հայ կա
Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով հիվանդանոցներ տեղափոխվածների ընդհանուր թիվը կազմում է 73 մարդ, որոնցից երկուսը` հայազգի:
Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԻՆ հերթապահ Պավել Կոզլովը, ՌԴ մայրաքաղաքի 15 հիվանդանոցներում բուժում է ստանում 73 մարդ:
Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, պայթյուններից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել թվով 83 մարդ, որոնցից 10-ը դուրս են գրվել, իսկ երկուսը մահացել:
Այսպիսով, ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը կազմում է 38 մարդ:
Նշենք, որ համաձայն ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքում տեղադրված ցուցակի` պայթյունների հետևանքով Մոսկվայի հիվանդանոցներ են տեղափոխվել նաև երկու հայ` 18-ամյա Հասմիկ Ժուրայի Մարտիրոսյանը և 55-ամյա Աննա Հովհաննեսի Փորքաշյանը:
Մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ` իրականացված մահապարտ-ահաբեկիչների կողմից: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ` ահաբեկչության հատկանիշներով: