31/03/2010 13:44
Հիմնվում է հայ-բրիտանական ԱԱՊ
Հայ-բրիտանական միությունն այսօր ասուլիսում ներկայացրեց իր նախաձեռնությունը` մեր երկրում բացել հայ-բրիտանական առևտրաարդյունաբերական պալատ: Միության նախագահ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության հարաբերությունների ամրապնդմանը կրթական, մշակութային կապերի, ֆինանսական ինտեգրման, տնտեսական համագործակցության և քաղաքացիական հասարակությունների համագործակցության ոլորտներում:
«Այսօր մենք կարևորում ենք Մեծ Բրիտանիայի գործարարների ներգրավվածությունը և հետագա ներդրումները հայկական տարբեր ինդուստրիաներում»,- ասաց Հ. Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ նախաձեռնել են նաև համանման կառույց ստեղծել Լոնդոնում:
Aysor-ի հարցին, թե ինչ նպատակ կար այստեղ հիմնել առաձին հայ-բրիտանական առևտրաարդյունաբերական պալատ, երբ Հայաստանում գործում է Եվրոպական միության առևտրաարդյունաբերական պալատը, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ Հայաստանում գործում են մի շարք առևտրային պալատներ, Եվրամիության, ԱՄՆ-ի, սակայն կա մեծ ներուժ բրիտանական բիզնեսում, որ այստեղ ընդհանրապես չի օգտագործվում. «Չկան որևէ տվյալներ, որ կասեն այստեղ բրիտանական ներդրումային ծրագրերի իրական ծավալը: Կան 30-ից ավելի բրիտանական և համատեղ կազմակերպություններ: Պահանջարկ կա, մենք գիշերը չենք քնել ու առավոտն արթնացել, որոշել ենք նման բան ստեղծել: Բազմաթիվ խորհրդակցություններ ենք տարել թե՛ դեսպանատան, թե՛ բիզնեսի ներկայացուցիչների հետ և զգացինք, որ կարիք կա»: