02/04/2010 11:20
Աբխազիան կարող են ճանաչել Բոլիվիան և Էկվադորը
Աբխազիայի անկախությունը մոտակա ժամանակներս կարող է ճանաչել Բոլիվիան և Էկվադորը, այսօր Կարակասում ռուս լրագրողներին հայտարարել է Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Գվինջիյան:
«Մենք սպասում ենք Աբխազիայի անկախության առաջիկա ճանաչմանը Բոլիվիայի և Էկվադորի կողմից, որովհետև մեր երկրի հանդեպ վերաբերմունքն այնտեղ դրական է»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարարը:
Մ. Գվինջիյան գլխավորում է աբխազական ներկայացուցչական պատվիրակությունը, որն այցելել է Վենեսուելա, Արգենտինա, Չիլի, Բոլիվիա և Էկվադոր:
ԱԳՆ ղեկավարը նաև հաղորդել է, որ լատինամերիկյան շրջագայության ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի Նիկարագուա այցելության համար: Տարածաշրջանի երկրներում նախագահի շրջագայության, որը սկսվելու է Նիկարագուայից, ժամկետները ճշտվելու են Նիկարագուայի ԱԳ նախարար Սամուել Սանտոսայի Աբխազիա կատարելիք այցելության ժամանակ ապրիլի 14-ին:
Հիշեցնենք, որ Աբխազիայի անկախությունն արդեն ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուի Հանրապետությունը: