02/04/2010 16:43
Բանկային համակարգն այսօր նույնքան հուսալի է, որքան մինչև ճգնաժամը
«Ես ողջունում եմ «Ամերիաբանկի» և «Կասկադբանկի» միավորումը: Դա շատ ճիշտ որոշում էր երկու բանկերի սեփականատերերի կողմից, որից կօգտվեն առաջին հերթին բանկերի հաճախորդները»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը: Նա հանգստության կոչ արեց «Կասկադբանկի» ավանդատուներին` վստահեցնելով, որ երկու բանկերի միավորումը բացասաբար չի անդրադառնա նրանց շահերին, դեռ` հակառակը:
ՀԲՄ ղեկավարի խոսքերով, 22 բանկը շատ է Հայաստանի նման փոքր երկրի համար` «Հայաստանին ավելի քիչ բանկեր են պետք»: Այլ միավորումներ կլինե՞ն, թե` ոչ, նա դժվարացավ ասել:
Փոխարենը, Ա. Ղուկասյանը փաստեց, որ Հայաստանում գործող բոլոր 22 բանկերն էլ 2009 թ. գործունեության արդյունքներով հուսալի են: Անգամ ճգնաժամի շրջանում բանկային համակարգի կապիտալը համալրվեց 48 մլրդ դրամով:
«Բանկային համակարգն այսօր այնքան հուսալի է, որքան մինչև ճգնաժամը: Ճգնաժամի ընթացքում որևէ բանկի կողմից որևէ ավանդ հարցականի տակ չի դրվել»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ընդհանուր բանկային գործունեությանը, և, մասնավորապես վարկավորման պահանջների խստացմանը, ապա Ա. Ղուկասյանը նշեց, որ բանկային համակարգը չի կարող ավելի լավը լինել, քան տնտեսությունն ամբողջությամբ:
«Բանկերն այսօր ավելի զգուշավոր են քան 2 տարի առաջ, սակայն դա բխում է բիզնեսի թափանցիկությունից: Բանկը չի կարող երբևէ վարկ տրամադրել ստվերում գործող բիզնեսին»,- ավելացրեց ՀԲՄ նախագահը:
Ներկայում բանկերի վարկային պորտֆելը ՀՆԱ հարաբերակցությամբ կազմում է 27 %, ավանդներինը` 10 %: Բանկերն ունեն երկար փողերի խնդիր: Պահ տրվող ավանդների միջին տևողությունը 9 ամիս է, մինչդեռ վարկերը տրամադրվում են 5-10 տարով:
Ա. Ղուկայսանը ողջունեց Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման բարձրացվող տոկոսադրույքի պայմաններում առևտրային բանկերի կողմից բանկային տոկոսադրույքների զսպողականությունը: Ըստ նրա, այդ բեռը բանկերը կլանեցին իրենց կապիտալի, այլ ոչ թե վարկային տոկոսադրույքների բարձրացման հաշվին: