02/04/2010 10:55
«Արմիքս»-ը կփոխկապակցի հայկական պրովայդերներին
Այսօր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհուրդի նիստերի դահլիճում կկայանա Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամի` «Արմիքս»-ի ստեղծման նախաձեռնող խմբի նիստը և հիմնադիր ժողովը: Հիմնադրամի նպատակն է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջև հանրային փոխկապակցումն ապահովելու միջոցով բարձրացնել հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը և նվազեցնել այդ ծառայությունների գինը:
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանկանում է որոշում ընդունել, որով փոխկապակցումը պարտադիր պետք է լինի, բայց քանի որ այդ դեպքում, եթե օրինակ Կապանից մի պրովայդեր ուզում է միանալ բոլորին, նա պետք է առանձին կապուղիներով կապվի նրանց հետ: Մենք խնդրի լուծման տարբերակ ենք առաջարկում, որ կենտրոն ստեղծվի, որի միջոցով հնարավոր լինի փոխկապակցվել»,- Aysor-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանը:
Նա հայտնեց, որ ներկա դրությամբ մոտ 10 պրովայդերներ արդեն նախաձեռնող խմբի մեջ են, որոնց թվում են «Օրանժ Արմենիա», «ADC», «Ucom», «Icon», «Web», «Ապագա Թեքնոլոջիս», «GNC Alfa», «Շիրակ Թեքնոլոջիս» և այլն: Նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել նաև «ԱրմենՏելը»:
Նշենք, որ «Արմիքս»-ի հիմնադիրներն են ԻՏՁՄ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:
Հավելենք, որ այսօր ժողովի ընթացքում կներկայացվի ֆինանսատնտեսական ծախսերի նախահաշվարկի աշխատանքային խմբի զեկույցը, տեղի կունենա ԻՏՁՄ կողմից նախագծված կանոնադրության նախագծի և հիմանդրման փաստաթղթի ներկայացում և հաստատում, ինչպես նաև կանցկացվեն հիմադրամի Կառավարման (հոգաբարձուների) խորհրդի ընտրություններ: