02/04/2010 11:47
Հայաստան կայցելի ՀՄՄ գլխավոր քարտուղարը
Ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն: Այցի առաջին օրը Հ. Տուրեն հանդիպում կունենա ՀՀ տրանպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ, կայցելի Ցեղասպանության թանգարան և հայ-սլավոնական համալասրան:
Ապրիլի 7-ին Համադուն Տուրեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կկազմակերպվի նաև կլոր սեղան` կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հ. Տուրեի այցը կամփոփվի լրատվամիջոցների հետ հադիպումով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՄՄ-ն հանդիսանում է որպես Միացյալ ազգերի կազմակերպության տեղեկատվական հաղորդակցության առաջատար կազմակերպություն: Որպես պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի կոորդինացման համաշխարհային կենտրոն` այն օժանդակում է ոլորտում համագործակցության եզրերի որոնման գործընթացին: Միության հիմնական նպատակներից է` միջազգային տեղեկատվական դաշտում ստանձնել նորարարական և հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման և դրանց ներդրումային ապահովման առաջատար միջազգային կազմակերպության դերը` նպաստելով ժամանակակից տեղեկատվական դաշտում ծագող խնդիրների լուծմանը:
Հայաստանը Հեռահաղորդակցության Միջազգային Միության անդամ-պետություն է հանդիսանում 1992թ-ից: