05/04/2010 14:06
4 երկրների հավաքականներ չեն հաստատել նախնական հայտերը
Ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀԱՕԿ-ի հովանու ներքո կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշարը:
Հիշեցնենք, որ լավագույն արդյունքներ արձանագրած բռնցքամարտիկները կարժանանան հենց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից սահմանված մրցանակին: Միջազգային այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ընդգրկված է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի` EUBC-ի 2010 թ. միջոցառումների օրացուցային պլանում:
Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի կենտրոնը, մասնակցության հայտ, ընդհանուր առմամբ, ներկայացրել էր 13 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Գամբիան, Վրաստանը, Իրանը, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Մոնղոլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը:
Ապրիլի 5-ի դրությամբ մասնակից երկրների վերջնական թիվը ինն է` ներառյալ Հայաստան: Երևան չեն ժամանի Մոնղոլիայի, Գամբիայի, Ուզբեկստանի և Մակեդոնիայի հավաքականները: 9 երկրների կողմից վերջնական հաստատման ներկայացված ցանկի համաձայն` մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է 160-ի, որից 113-ը մարզիկներն են: