05/04/2010 13:59
Գազի թանկացումը կքննարկվի ԱԺ-ում
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը գազի գնի թանկացման վերաբերյալ գրավոր հարցապնդում է նախապատրաստել, որը վաղը կամ չորեքշաբթի օրն ուղարկվելու է ՀՀ կառավարություն: Վերջինիս կողմից պատասխան ստանալուց հետո այն ԱԺ լիագումար նիստում, որպես ընդդիմության հարցապնդման ներկայացում, քննարկման առարկա կդարձվի: Այս մասին այսօր ասուլիսում, պատասխանելով Aysor-ի հարցին, հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այդ հարցապնդման պատասխանի հիման վրա լսումներ կհրավիրեն` այդ թվում նաև շահագրգիռ շատ ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն, ըստ Ա. Մինասյանի, խնդիրն այն է, որ լսումներ հրավիրելու իրավասությունն այսօրվա քաղաքական մեծամասնության ձեռքում է և իրենք պետք է համաձայնեն:
«Սա ևս 1 անգամ առիթ է, որ եթե քաղաքական մեծամասնությունը ցանկություն ունի իրական պատճառները ուսումնասիրել և վերացնել, մասնակցի այս գործընթացին և կազմակերպի այդպիսի լսումներ: Սա կարող է և, մեծ հավանականությամբ, կբերի օրենսդրական լուրջ փոփոխությունների` սկսած հակամենաշնորհային քաղաքականության գործադրմամբ գազի մատակարարման ոլորտում, ավարտված նրանով, որ սպառողների շահերի պաշտպանության համակարգը կլինի ավելի կայուն և ավելի բարձր մակարդակի վրա դրված»,- ասաց Ա. Մինասյանը: