05/04/2010 11:43
Շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի նոր կարգն ուժի մեջ է մտնում
Շենգենյան գոտու երկրների մուտքի արտոնագրերի նոր օրենսգիրքն այսօր ուժի մեջ է մտնում: Այն սահմանում է Շենգենյան գոտու բոլոր 28 երկրներ մուտքի արտոնագիր տրամադրելու կանոններն ու գործընթացները:
Այսուհետ շենգենյան արտոնագիրը, որը տրվում է 3 ամիս ժամկետով, 12 տարին լրացած անձանց համար կարժենա 60 եվրո, իսկ 6-12 տարեկան երեխաների համար` 35 եվրո (այն երկրների համար, որոնք ԵՄ հետ չունեն պարզեցված ռեժիմ):
Շենգենյան պետությունների արտասահմանյան հյուպատոսությունները պարտավոր են արտոնագրի տրամադրման մասին որոշումն ընդունել 15 օրվա ընթացքում:
Առաջին անգամ ԵՄ մուտքի արտոնագրային օրենսգրքում ներառված է մերժելու դեպքում պատճառների մասին գրավոր տեղեկացնելու մասին նորմը, ինչպես նաև նախատեսված է հյուպատոսության որոշումը բողոքարկելու հնարավորություն:
Հավելենք, որ նոր կանոններից կարևոր է համարվում նաև անձնագրի ժամկետների հանդեպ պահանջների փոփոխությունը. այսուհետ մեկնողի անձնագիրը պետք է 10 տարուց հին չլինի, իսկ վերադարձից հետո դեռ 3 ամիս պետք է ժամկետի մեջ լինի: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասս-ը: