06/04/2010 15:06
FIDH-ի համար տարածաշրջանում գործունեության լայն դաշտ է բացվում
Առաջին անգամ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի համագումարն անցկացվում է Երևանում: Համագումարին, որը կտևի 3 օր, մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 300 ներկայացուցիչներ:
FIDH (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիա) նախագահ Սուեր Բելհասենն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու առթիվ, որովհետև Հայաստանը FIDH-ի համար կարևոր երկիր է:
«Այս տարածաշրջանը բնակեցված է ժողովուրդներով, ովքեր երկար տարիներ ապրել են ստալինյան ժամանակաշրջանում: Այս առումով FIDH-ի համար գործունեության լայն դաշտ է բացվում: Մեզ համար պարտականություն է ուղեկցել Հայաստանին և ողջ տարածաշրջանին», - նշեց Բելհասենը` հավելելով, որ, օրինակ, իր երկրում` Թունիսում, հնարավոր չէ նման համաժողով անցկացնել:
FIDH նախագահի խոսքով, Հայաստանում համեմատաբար ավելի կայուն է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը, և իրենց նպատակն է, որ Հայաստանն իրապես առաջընթաց ապրի:
Համագումարն անցկացվում է «Արդարադատություն. նոր մարհատրավերներ» թեմայով, և հիմնական քննարկվելիք հարցերից են, թե ինչպիսի՞ արդարադատություն և ինչպիսի՞ առաջընթաց կարող է լինել նախկին Խորհրդային երկրներում:
«Մեր բոլոր մտահոգությունների կենտրոնում մարդու իրավունքների հիմնահարցն է` այս երկրում և ողջ հետխորհրդային երկրներում»,- ասաց Բելհասենը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը, իր հերթին, ներկայացրեց, որ համագումարն անիմաստ կլիներ, եթե այնտեղ չքննարկվեր Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների հիմնահարցը:
«Մեզ համար դա էր կարևոր հարցը, որպեսզի հնչեցնենք ամենաբարձր ամբիոններից ու ամենանշանակալի մարդկանց շուրթերից, քանի որ Հայաստանում արդարադատության ոլորտն ամենակաղացող ոլորտներից է», - ասաց նա:
FIDH գործադիր տնօրեն Անտուան Բեռնարի համոզմամբ, պետական արդարադատության իրականացումն այլևս դարձել է միջազգային քննարկման առարկա, և արդարության հատուցման իրավունքն արդեն միջազգայնացված է:
Նշենք, որ համաժողովին կմասնակցի և լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Իրանի առաջին կին դատավոր, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին, ով բացման խոսքում նշեց, որ Իրանում նման համաժողովի անցկացումն «ուղղակի անհնար կլիներ»` հիշեցնելով, որ Իրանն այն երկիրն է, որտեղ բազմաթիվ լրագրողներ «զնդաններում են»: