06/04/2010 14:27
FIDH-ի մտահոգությունն արդարադատության իրականացումն է
«Մենք չենք եկել Հայաստան` պարգևներ բաժանելու ոմանց»,- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի մեկնարկից առաջ հայտարարեց FIDH (Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիա) նախագահ Սուեր Բելհասենը:
Նա նշեց, որ FIDH-ի առաջին մտահոգությունն արդարադատության իրականացումն է, թե ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ «քաղաքական բանտարկյալների» վրա:
«ՀՀ-ի պարագայում խոսքը 2008-ի մարտի 1-ից հետո անձանցից փաստեր հավաքելուն է վերաբերում, և թե ի՞նչ հանգամանքներում այդ ամենը տեղի ունեցավ»,- ասաց Բելհասենը:
Նրա խոսքով, 2008-ի մարտի 1-ից հետո եղան մարդիկ, որոնց մեղադրանք ներկայացվեց ոստիկանների ցուցմունքի հիման վրա, և մարդիկ, ովքեր ցանկանում են այս ճշմարտությունները ջրի երես հանել, մասնավորապես լրագրողները, ըստ FIDH նախագահի, իրենց վտանգի են ենթարկում:
«Խոսքի ազատության խնդիրն ինձ առաջին հերթին է հետաքրքրում: Մենք առաջինն էինք, որ մարտի 1-ից հետո զեկույց հրապարակեցինք»,- հիշեցրեց Բելհասենն ու հայտնեց, որ նախօրեին հանդիպել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, մանրամասն տեղեկացել բանտարկյալների վիճակին:
«Ինչ երեկ լսեցի, հասկացա, որ ոչ մի մարդ արարած չի կարող լինել անտարբեր այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունեցել: Հետևաբար, պետք է հիշեցնենք իշխանություններին, որ չի կարելի լռության մատնել, պետք է բացահայտել: Այդ ոճիրները չպետք է մնան անպատիժ, մենք ամեն ինչ անելու ենք քաղբանտարկյալներին ազատելու համար»,- հայտարարեց Սուեր Բելհասենը:
FIDH նախագահը խոստացավ ոչ միայն բարձրաձայնել, այլ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոջ հանրության ջանքերը ներդնել, որպեսզի Հայաստանում «քաղբանտարկյալների հարցը հնարավորինս արագ լուծվի»: