06/04/2010 12:31
FIDH-ի համաժողովին Հայաստանը կներկայացնի ՀԱԿ ներկայացուցիչը
Այսօր Հայաստանում մեկնարկում է «Արդարադատություն, նոր մարտահրավերներ: Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» խորագրով Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կազմակերպած 37–րդ համագումարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 8-ը: Համագումարին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շուրջ 300 ներկայացուցիչներ:
FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ֆորումը փորձի փոխանակման և վերլուծությունների հնարավորություն է տալիս: Ըստ կազմակերպության նախագահի, Հայաստանն ընտրվել է որպես համաժողովի անցկացման վայր այն պատճառով, որ նախկին ԽՍՀՄ այլ երկրների հետ համեմատած այստեղ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներն ավելի բարվոք վիճակում են գտնվում:
Ֆորումն անցկացվում է Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» աջակցությամբ: Այդ կազմակերպության ներկայացուցիչ Արման Դանիելյանը հայտնեց, որ FIDH-ի համաժողովին նախատեսված էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի մասնակցությունը, սակայն վերջինս հրաժարվել էր հանդես գալ զեկույցով` նշելով, որ «իր ելույթը չի տեղավորվի համաժողովի ձևաչափում»:
Համաժողովում Հայաստանը կներկայացնի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:
Ինչպես հայտնեցին FIDH-ի 37–րդ համագումարի կազմակերպիչները, ֆորումը նվիրվում է Ռուսաստանում Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լրագրող Նատալյա Էստեմիրովայի հիշատակին, ով առևանգվել է և սպանվել 2009 թվականի հուլիսի 15-ին Չեչնյայում:
FIDH-ի նախագահ Սուեր Բելհասենը նաև նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում կապված է նաև Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ:
«Մեր տեսանկյունից խորհրդանշական է, որ այս բոլոր հայտնի փորձագետները հավաքվելու են այստեղ, որպեսզի քննարկեն անպատժելիության դեմ պայքարի ուղիները, այն էլ` 20-րդ դարի առաջին ցեղասպանության տարելիցի նախօրեին: Դա հատուկ նշանակություն ունի` մանավանդ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռնարկվող երկխոսության համատեքստում»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման գործընթացի վերաբերյալ FIDH-ի կողմից ևս ուսումնասիրություններ են կատարվել, որոնք մոտ օրերս կհրապարակվեն: