06/04/2010 11:55
Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մինչև 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը պոկում վարժությունում արձանագրեց 109 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում` 146 կգ:
Երկամարտի 255 կգ ցուցանիշով Սմբատը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնը կոչումը: Ընդ որում` մինչև վերջին պահը 17-ամյա հայ դյուցազունն ընդգծված առաջատարն էր: Սակայն վերջնամասում բելոռուս Վիտալի Դերբենյովը կասկածելի մրցավարության պայմաններում մեկ կիլոգրամով գերազանցեց մեր ծանրամարտիկին և հաղթող հռչակվեց: Եթե Սմբատը պոկում վարժությունում նույնպես հաջող հանդես գար, ապա, անկասկած, մրցակցությունից դուրս կլիներ: Նա, ի դեպ, պարզապես փայլուն հանդես եկավ մյուս` հրում վարժությունում` արժանանալով փոքր ոսկե մեդալի:
Ավելացնենք, որ երկամարտի արդյունքով մրցանակային երրորդ տեղում 254 կգ արդյունքով հաստատվեց բելգիացի Գեգեբուերը:
Տաղանդաշատ հայ ծանրորդի մարզական կարիերան, սակայն, դեռ առջևում է: Ակներև է, որ նրա անունն ապագայում մեծագույն հաղթանակների հետ է կապվելու: Այսօր, չունենալով միջազգային մրցաշարերի փորձ, պատանի Սմբատ Մարգարյանը կարողանում է ոչ միայն հավասարի պես մրցակցել Եվրոպայի լավագույն մարզիկների հետ, այլև հաղթել: Ապագան, ինչպես ասում են նման դեպքերում, ավելի քան խոստումնալից է: