06/04/2010 11:19
Ադրբեջանցի երկու բռնցքամարտիկներ հեռացվել են հավաքականից
Ադրբեջանի հավաքականի երկու բռնցքամարտիկներ կարգապահությունը խախտելու պատճառով հեռացվել են ազգային թիմից: Խոսքն աշխարհի 2005 թ. առաջնության արծաթե մեդալակիր Էլչին Ալիզադեի և աշխարհի 2007 թ. առաջնության բրոնզե մրցանակակիր Սամիր Մամեդովի մասին է:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկուսն էլ խիստ զայրացրել են հավաքականի կուբացի մարզիչներ Հեսուս Յու Պոլիերին և Լազարո Հիմենես Մարտինեսին: Մամեդովը, ով մասնակցել է 2008 թ. պեկինյան ամառային Օլիմպիադային, ուսումնամարզական հավաքների ընթացքում գիշերը հյուրանոց է վերադարձել հարբած վիճակում: Իսկ Ալիզադեն անընդհատ ուշացել է պարապմունքներից և չի կատարել մարզիչների առաջադրանքները և, այդպիսով, լցրել է վերջիններիս համբերության բաժակը: Խնդիրը ներկայացվել է Ադրբեջանի ֆեդերացիայի ղեկավարությանը: Մարզիչների ներկայացրած հաշվետվության համաձայն` ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Աղաջան Աբիևը որոշել է Մամեդովին ու Ալիզադեին վտարել հավաքականից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 20-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում կայանալիք աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը: Այդ մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի ընտրանին, որն այսօր ուղևորվել է Թբիլիսի, որտեղ պլանավորված ուսումնամարզական հավաքից հետո միանգամից կմեկնի Բաքու: