07/04/2010 11:23
Բիշքեկում բախվում են ընդդիմությունն ու ոստիկանությունը
Բիշքեկում բախումներ են տեղի ունենում ընդդիմության ակցիաների մասնակիցների և ոստիկանության միջև, լսվում են լուսաձայնային ռումբերի պայթյուններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ներկայումս ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի մոտ հավաքվել են մոտ 200 մարդիկ: Նրանց և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումներ են եղել: Կռվի մասնակիցներին ոստիկանները նստեցնում են ոստիկանական ավտոբուսներ:
Այս ժամին նախատեսված էր ընդդիմության մամլո ասուլիսը, այդ պատճառով այնտեղ շատ լրագրողներ կան, այդ թվում` արտասահմանյան:
Երեքշաբթի ընդդիմության ցույցի մասնակիցները գրավել են Տալասի շրջանի վարչական շենքը: Իշխանությունները Տալաս են ուղարկել ոստիկանության լրացուցիչ ուժեր:
Ղրղզստանի վարչապետ Դանիյար Ուսենովը Տալասում տեղի ունեցածն անվանել է պետական հանցագործություն: Նրա տվյալներով, ընդդիմության հետ հակամարտության ժամանակ վիրավորվել է ՆԳՆ 85 աշխատակից, որոնցից 17-ը տեղափոխվել են հիվանդանոց, 5-ը` ծանր վիճակում: Տուժածներ կան նաև խաղաղ բնակչության շրջանում: