07/04/2010 12:56
«1000 քաղաք, 1000 կյանք». Առողջության համաշխարհային օրն է
Այսօր Առողջության համաշխարհային օրն է, որն այս տարի անցկացվում է «1000 քաղաք, 1000 կյանք» կարգախոսով: Նպատակն է աշխարհի ուշադրությունը գրավել ուրբանիզացիայի և առողջության խնդիրներին, գործարարներին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին ու հասարակությանը կոչ անել մասնակցել համատեղ միջոցառմանը` առողջության պահպանման հարցերը քաղաքային քաղաքականության կիզկետում պահելու նպատակով:
Աշխարհի շատ երկրներում ապրիլի 7-11-ը քաղաքների կենտրոնական որևէ փողոց կփակվի երթևեկության համար, փոխարենն այն ամբողջովին բաց կլինի հետիոտների համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան այսօր ասուլիսում հորդորեց նաև Հայաստանի քաղաքային իշխանություններին` հետևել այս ակցիային:
«Այս տարվա առողջության համաշխարհային օրը ՄԱԿ-ը նվիրում է ուրբանիզացմանը, քանի որ վերջին 30 տարիներին այդ գործընթացը շատ արագ է կատարվել, և այսօր աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է քաղաքներում: Մարդիկ թողել են իրենց գյուղերն ու տեղափոխվել քաղաքներ, սակայն ոչ բոլոր քաղաքներն են ի վիճակի այդքան մարդ ընդունել»,- ասաց Գերչևան:
Նա նշեց, որ այսօր աշխարհի խոշոր քաղաքներից շատերն առողջության լուրջ մարտահրավերների են հանդիպում, և առողջական խնդիրների լուծումը միայն առողջապահության նախարարությունների անելիքը չէ, այլ Գերչևայի խոսքով, կառավարության բոլոր օղակներն ու հասարակության բոլոր շերտերը պետք է համակարգված կերպով արձագանքեն խնդրին:
«Կենսական նշանակություն ունի քաղաքաբնակների առողջության որակը բարելավելու համար համախմբել բոլոր ուժերը»,- հավելեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը Հայաստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Էլիզաբեթ Դանիելյանը նկատեց, որ ԱՀԿ-ն իր մանդատով պետք է աջակցի, որպեսզի լուծվեն առկա բազմաթիվ խնդիրները` առողջության պահպանման հետ կապված, սակայն Դանիելյանի համոզմամբ, կան շատ այլ գործոններ, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր առողջության վրա. «Եթե մենք անտեսենք դրանք, ապա ոչ մեկը, որևէ կազմակերպություն երբեք չի հասնի այն նպատակին, որ մեր առջև դրված է»:
ԱՀԿ-ն կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքներին հանրային նշանակության տարածքները հատկացնել առողջության պահպանմանը նպաստող միջոցառումների իրականացման համար: