07/04/2010 14:41
Ռուսաստանը հայ մարզիկներին Բաքու չի տանի
Ռուսաստանի հունահոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կազմից հեռացրել է հայկական ազգանուն ունեցող մարզիկներին և նրանց չի թույլատրել մասնակցել ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես տեղեկացնում է «Վես Սպորտ» գործակալությունը, ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին բացատրել է, թե մարզչական շտաբն ինչու է որոշել Բաքու չտանել Սեյրան Սիմոնյանին և Միհրան Հարությունյանին:
«Սկզբում մենք պլանավորել էինք փորձարկել վերջերս կայացած մրցաշարի հաղթող Սեյրան Սիմոնյանին կամ էլ այդ նույն մրցաշարի եզրափակչի մասնակից Միհրան Հարությունյանին: Սակայն հետո ստիպված էինք հրաժարվել այդ մտքից: Սիմոնյանը վնասվածք է ստացել և վիրահատության է պատրաստվում, իսկ Հարությունյանին ինքներս որոշեցինք կազմից հանել` հնարավոր սադրանքներից խուսափելու նպատակով: Պատճառները բոլորին են հայտնի:
Սպորտում քաղաքականություն չպետք է լինի, իսկ ըմբիշները միշտ էլ աչքի են ընկել իրենց բարյացակամությամբ: Պատահական չէ, որ մեզ անվանում են ըմբշամարտի եղբայրություն: Կասկածներ չունեմ, որ ադրբեջանական կողմն անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնի` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած հասարակության մեջ կարող է լինել անհավասարակշիռ ինչ-որ մեկը, որի գործողություններն անհնար կլինի կանխատեսել և չեզոքացնել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը հրաժարվել է մեկնել Բաքու և մասնակցել մայրցամաքային առաջնությանը: