08/04/2010 13:45
Ա. Մովսիսյան. «Որոշվել են կոնկրետ անելիքները»
Այսօր ստորագրվեց Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրությունը: Այն ստորագրեցին հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները` ՀՀ էներգետիկաի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարալիևը:
Ա. Մովսիսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքների արդյունքում բոլոր ուղղություններով որոշվել են կոնկրետ անելիքները, և ընդգծվել են այն հիմնական ուղղությունները, որոնց վրա պետք է աշխատանքները կենտրոնացվեն` կրթություն, առողջապահություն, տնտեսություն` հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում Հայաստանի հնարավորությունները և Թուրքմենստանի հումքային բազան օգտագործելու առումով, շինարարական արտադրանք:
«Թուրքմենստանում բավականին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացվում, և այնտեղ կարիք կա շինարարական արտադրանքների: Իրենց համար հատկապես հետաքրքրություն են ներկայացնում մեր բազալտի և տրավերտինի քարերը: Հիմա բիզնեսմենները կաշխատեն իրար հետ և ընդհանուր լեզու կգտնեն հայկական շինարարական նյութերը Թուրքմենստան արտահանելու ուղղությամբ»,- հայտնեց Ա. Մովսիսյանը:
Նախարարի խոսքով, քննարկումներ են եղել նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, նշվել են հնարավոր ճանապարհները և հետագա բանակցությունների արդյունքում կհստակեցվեն Իրանի միջոցով իրականացվելիք համատեղ էներգետիկ ծրագրերը: