08/04/2010 11:04
Էրդողանը կրկին քննադատել է Իսրայելի իշխանություններին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Իսրայելի իշխանություններին քննադատող հայտարարությամբ: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, հղում անելով Associated Press-ը, Փարիզ կատարած այցի վերջին օրը Թուրքիայի վարչապետն ասել է, որ հրեական պետությունը ներկա պահին հանդիսանում է «Մերձավոր Արևելքի վտանգներից մեկը, քանի որ Գազայի տարածքի օկուպացիայի ընթացքում մասնակից է Պաղեստինի 1 հազար 400 բնակիչների մահվանը»:
Այցի ընթացքում Էրդողանը նաև հայտարարություններ է արել Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին` կասկած արտահայտելով դրանց անարդյուանվետության վերաբերյալ:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ «այն երկրները, որոնք նախաձեռնել էին նախկին պատժամիջոցները, առաջինն էին խախտել դրանք»:
«Ֆրանսիացիները, գերմանացիները, անգլիացիները, ամերիկացիներն ու չինացիները` բոլորը ներգրավված են այս ամենի մեջ, և նրանց դեռ հաջողվում է առևտուր վարել Իրանի հետ` անուղղակի ճանապարհներով»,- ասել է Ռ.Թ.Էրդողանը: