08/04/2010 18:25
Կոմանդոս. Ադրբեջանական դաժանությունները սարսափելի են
«Այս վայրագությունները, որոնք մենք տեսել ենք ադրբեջանական կողմից Ղարաբաղում, հատուկ են հորդաներին և ցույց են տալիս Ադրբեջանի իրական դեմքը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, խոսելով Մարաղայի ողբերգության մասին:
Նշենք, որ 1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում կոտորած են իրականացրել` դաժանաբար կոտորելով անպաշտպան մնացած խաղաղ բնակչությանը: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90 բնակիչ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 37 մարդ, նրանց թվում` 21 կին և 6 երեխա:
Արկադի Տեր-Թադևոսյանը հիշեցրեց, որ անձամբ է ղեկավարել Մարաղայի ազատագրումը և նրա օգնությամբ Մարաղայի դեպքերի հետ տեղում ծանոթացել է այն ժամանակ Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոկսը:
Գեներալ-մայորը շեշտեց, որ որպես ԼՂ զինված ուժերի հրամանատար` իր առաջին հրամանն էր բացառել որևէ բռնություն ադրբեջանցի գերիների նկատմամբ: Նա ընդգծեց, որ գույություն ունի պատերազմի վարման և խաղաղ բնակչության նկատմամբ վերաբերմունքի միջազգային օրենքը, և հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, միշտ հետևողական է եղել դրա կատարմանը:
«Մենք բազմաթիվ անգամ ենք տեսել նրանց վայրագությունները: Հիշենք, օրինակ, Կարադաղլուի մոտ տեղի ունեցած դեպքը, երբ նրանք բռնել էին մի հղի կնոջ, և դաժանաբար սպանել նրան: Այդ դաժանությունները սարսափելի են»,- ասաց Կոմանդոսը: