08/04/2010 13:08
Բացվեց հայ-թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքը
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի ունեցավ թուրքմենական և հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի բացում: Ավանդական կարմիր ժապավենի փոխարեն կանաչ-սպիտակ ժապավենը կտրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սապարլիևը:
Տ. Սարգսյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու երկրների միջև կապերի խորացմանը:
«Հարկավոր է հասկանալ, թե ինչ տեսակի և ինչ որակի ապրանքների հանդեպ կա հետաքրքրություն: Մեր երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները հիմք կհանդիսանան տնտեսական ձեռքբերումների համար և այսօր մենք տեսնում ենք, որ բավականին չօգտագործված ներուժ կա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Խ. Սապարլիևի խոսքով, Թուրքմենստանի անկախացումից հետո երկրի թեթև արդյունաբերությունը վերածնվել է. «Մեր հոյակապ գորգերը հանդիսանում են ազգային հպարտություն: Դրանք բնութագրում են ազգի բոլոր դրական հատկությունները»:
Նա նույնպես վստահություն հայտնեց, որ միջկառավական հանձնաժողովի այս նիստը կնպաստի Թուրքմենստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունների խորացմանը:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են Թուրքմենստանի թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 20 ընկերություններ, որոնք նեկայացնում են ձեռագործ գորգեր, հագուստներ` ազգային, սպորտային ու ջինսե, կոշկեղեն, թելեր, կտորներ և այլն: Հայկական ապրանքներից ներկայացված են խմիչք, հանքային ջրեր, պահածոներ և շինարարական արտադրանք:
Ի դեպ, թեև ցուցահանդեսում հայտարարված էր նաև վաճառք, սակայն թուրքմենական ողջ արտադրանքն արդեն գնել էր հայ գործարարներից մեկը: