08/04/2010 13:57
«Ինչպես արտահանել Շվեդիա». սեմինար ԶՀԳ-ում
Այսօր Զարգացման հայկական գործակալությունում կայացավ «Ինչպես արտահանել Շվեդիա» սեմինարը, որը կազմակերպել էր ԶՀԳ-ն` Շվեդիայի կառավարական գործակալության Open Trade Gate-ի հետ համատեղ:
Սեմինարի ժամանակ ելույթներով հանդես եկան Շվեդիայի առևտրի և ներդրումային խթանման դեսպան Լարս Օու Պերսոնը և Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Շվեդ փորձագետները շվեդական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեցին սեմինարի մասնակիցներին` ԵՄ արտահանելու կանոնների, պահանջների, խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև հիմնական առևտրային պայմանագրերի և ընդհանուր առևտրային ընթացակարգերի վերաբերյալ:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանում պանրագործների, ֆերմերների, գինեգործների, արտահանողների, մեղրագործների միությունների նախագահները ինչպես նաև ներկայացուցիչներ արդյունաբերական տարբեր ոլորտներից:
Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Open Trade Gate-ը շվեդական կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է օժանդակել արտահանումը Շվեդիա և ԵՄ երկրներ: Այն գործում է մեկ կանգառի տեղեկատվության կենտրոնի սկզբունքով` Շվեդիա և ԵՄ երկրներ արտահանողներին կանոնների և պահանջների վերաբերյալ անվճար տեղեկատվություն տրամադրելով: