09/04/2010 17:24
Կնքվեց հայ-ռուսական համագործակցության ևս մեկ համաձայնագիր
Այսօր կնքվեց հայ-ռուսական համագործակցության ևս մեկ համաձայնագիր: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (ԱԱՊ) վերջինիս նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Ռուսաստանի ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը ստորագրեցին իրենց ղեկավարած կառույցների համագործակցության համաձայնագիր:
Մ. Սարգսյանը նշեց, որ 2009 թ-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1 մլրդ դոլար, սակայն դա չի արտահայտում տնտեսական ողջ ներուժը: Ըստ նրա, այս փաստաթղթի ստորագրումը կոչված է երկու երկրների տնտեսությունների դինամիկ զարգացմանը:
«Ջանք ու եռանդ չենք խնայի մեր գործարարներին ռուսական և ռուս գործարարների` մեր շուկա մտնելուն աջակցելու համար»,- վստահեցրեց Մ. Սարգսյանը:
Վ. Կրիվոպուսկովը տնտեսության զարգացման համար կարևորեց փոքր ու միջին ձեռնարկությունների դերը և դրանց աջակցությունը: Նրա խոսքով, ՀՀ ԱԱՊ-ն հետաքրքրված է արտաքին առևտրային կապերով. «Հայաստանի համար Ռուսաստանը մեծ նշանակություն ունի, ինչպես և Ռուսաստանի համար Հայաստանը»:
Ըստ նրա, համաձայնագիրը կնպաստի երկու երկրների գործարարների արտադրական և ձեռնարկատիրական գործունեության համար հավասար պայմանների ստեղծմանը, ՓՄՁ սուբյեկտների միջև միջշրջանային ուղիղ կապերի հաստատմանը և այլն: