09/04/2010 11:44
Դավիթ Գրիգորյանի հաղթանակը ողջ ժողովրդի հաղթանակն է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 8-ին ընդունել է սույն թվականի մարտի 7-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշու մարզաձևի Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչված արցախցի մարզիկ Դավիթ Գրիգորյանին, նրա մարզիչ Սայաթ Բաղդասարյանին, ինչպես նաև հանրապետության անվանի մարզիչներ Արտո Առուստամյանին և Էռնեստ Միրզոյանին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին սպորտի բնագավառում այս կարևոր ձեռքբերման առթիվ` նշելով, որ մարզիկների հաղթանակը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, և պետությունն այսուհետ էլ կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանը:
Հանդիպման վերջում նախագահը Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրաված Դավիթ Գրիգորյանին և նրա մարզչին հանձնել է դրամական պարգևներ, իսկ Արտո Առուստամյանին և Էռնեստ Միրզոյանին` ԼՂՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումը հավաստող վկայականներ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: