09/04/2010 11:28
Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 77 կգ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը: Նա հաջողությամբ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը` երկամարտում արձանագրելով 360 կգ արդյունք: Հայ ծանրորդն անհասանելի էր իր մրցակիցների համար. բավական է ասել, որ մոտակա հետապնդողին` լեհ Քշիշտոֆ Շրամյակին, հայ դյուցազունը գերազանցեց 9 կիլոգրամով: Բրոնզե մեդալը բաժին հասավ Բելառուսի ներկայացուցիչ Նիկոլայ Չեռնյակին:
Հարկ է նշել, որ Տիգրան Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 165 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 195 կգ: Հայ մարզիկը ցանկանում էր նաև Եվրոպայի առաջնության ռեկորդ սահմանել, սակայն նրա փորձն անհաջող էր:
Նշենք, որ Քշիշտոֆ Շրամյակը պոկում վարժությունում արձանագրեց 160 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում` 191 կգ: Նիկոլայ Չեռնյակի ցուցանիշներն ավելի համեստ են` համապատասխանաբար 161 և 185 կգ:
Ավելացնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ երկուսն են հայտնվել մրցահարթակում: Եվ գրանցված ցուցանիշները շատ տպավորիչ են` 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Ինչ-որ բան հուշում է, որ Եվրոպայի նոր չեմպիոններ ենք ունենալու…