12/04/2010 09:39
Վաշինգտոնում բացվում է միջուկային անվտանգության գագաթնաժողովը
ԱՄՆ մայրաքաղաքում այսօր բացվում է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Վաշինգտոն են մեկնել 47 երկրների ղեկավարներ, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացի հիմնական թեմայի քննարկումից, վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում կկայանան մի շարք երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումներ: Ինչպես նախօրորք հայտնել էր Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գեյթսը, գագաթնաժողովի առաջին օրը ԱՄՆ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՉԺՀ ղեկավար Խու Ցզինթաոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հետ:
ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ` կիրակի օրը նախագահ Օբաման արդեն ունեցել է երկկողմ հանդիպումներ` Հնդկաստանի վարչապետ Մանմոխան Սինգխի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Սպասվում է, որ այսօր գագաթնաժողովի մասնակից-երկրների ղեկավարները հարգանքի տուրք կմատուցեն Սմոլենսկում ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, նրա տիկնոջ, ինչպես նաև նախագահին ուղեկցող պատվիրակության հիշատակին: