13/04/2010 09:38
Բարաք Օբաման կոչով դիմել է Հայաստանին և Թուրքիային
Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Հայաստանին և Թուրքիային ջանքեր գործադրել` երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՀՀ և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրությունը:
«Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերը` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի շահերին: ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Հայաստանին և Թուրքիային գործադրել բոլոր ջանքերը` երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վավերացնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում: