14/04/2010 13:52
ՀՀ ԱԺ պատգամավորը պարգևատրվեց ՌԴ «Բարեկամության» շքանշանով
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ այսօր Երևանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, Հայաստանում աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանին ռուսաստանյան «Բարեկամության» շքանշանով պարգևատրման պաշտոնական արարողությունը: Ռուսաստանյան բարձր պարգևը հայ խորհրդարանականին հանձնեց ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ԱԺ պատգամավորը պարգևատվեց շքանշանով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով` վետերանների կազմակերպությունների միջև համագործակցության կայունացման և զարգացման նպատակով մեծ ներդրման, երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ակտիվ գործունեության, պատերազմների վետերանների և նրանց ընտանիքների սոցիալական օժանդակության համար:
Շնորհակալություն հայտնելով ՌԴ ղեկավարությունից և ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունից պարգևի համար, Ա.Մխիթարյանը նշեց, որ դեսպանի ձեռքից նման պարգև ստանալը երկու ժողովուրդների միջև եղբայրական բարեկամության դրսևորումն է:
«Մենք` ինտերնացիոնալիստ զինվորներս, որոնք անցել են աֆղանական պատերազմի տասնամյակի բոլոր դժվարությունները, հատկապես գնահատում ենք այս բարեկամությունը, որը միակ նեցուկն է, որի շուրջ միավորում է մեր բազմազգ եղբայրությունը»,- ասաց պատգամավորը` կարևորելով բարեկամական ավանդույթների պահպանության անհրաժեշտությունը:
«Ազգերի միջև խաղաղությունը մեր երկրի կարևոր պատմական արժեքներից է: Մեր սերունդների նպատակն է պահպանել բարեկամությունը մեր ժողովուրդների միջև»,-նշեց նա: