15/04/2010 14:03
Հայաստանի հոկեյի հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի «B» խմբի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային թիմերը:
Մեկնարկային տուրում մեր թիմը 9:2 հաշվով առավելության հասավ ՀԱՀ-ի հավաքականի նկատմամբ: Կորեա-Մոնղոլիա խաղում արձանագրվեց 22:1 հաշիվ:
Նշենք, որ խմբում առաջին տեղ գրաված թիմը երկրորդ դիվիզիոնի ուղեգիր կստանա, ինչպես նաև իրավունք ձեռք կբերի` մասնակցելու 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի ընտրական փուլի մրցաշարին:
Այսօր Հայաստանի ընտրանին սկզբունքային խաղում կմրցակցի Հյուսիսային Կորեայի թիմի հետ: Այս հանդիպումը, նկատի առնելով մեկնարկային տուրի արդյունքները, մրցաշարային առումով կարող է վճռորոշ լինել: Բանն այն է, որ հենց Հայաստանի ու Կորեայի թիմերն են ֆավորիտ համարվում, և նրանց առերես մրցակցությունը, ըստ մասնագետների, պատասխան կտա, թե որ թիմն է զբաղեցնելու առաջին հորիզոնականը: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Մյուս խաղում, որը կմեկնարկի 16:00-ին, կհանդիպեն Հարավաֆրիկյան Հանրապետության ու Մոնղոլիայի հավաքականները: