15/04/2010 09:56
Մեկնարկում է ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի հիմնադիր համաժողովը
Այսօր Երևանում բացվում է «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովը: Այն կտևի մինչև ապրիլի 17-ը:
Այսօր համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») միջև կստորագրվի «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն (ԻՀՌՀԿ)» բացելու մասին հուշագիր:
ԻՀՌՀԿ գործունեության հիմնական նպատակը երկու երկրների տնտեսական համագործակցության ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայման միջոցով:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալությունը համաձայնել են համագործակցություն իրականացնել մի քանի ուղղություններով` համագործակցություն միջպետական ինովացիոն համակարգի ձևավորման ոլորտում, ինչպես նաև ԱՊՀ միջպետական ինովացիոն տարածքի ձևավորման գործում, տեղեկատվական և կազմակերպական փոխադարձ աջակցություն` ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով խորհրդատվական ծառայությունների կազմակերպման գործում, ինովացիոն համագործակցության տարբեր ուղղություններով ուսումնական դասընթացների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների կազմակերպման գործում, ինովացիոն նախագծերի հավաքագրմանն ու ընտրությանն ուղղված միջոցառումների կազմակերպման և մեխանիզմների մշակման գործում, գործընկերներ գտնելու և համատեղ ձեռնարկություններ հիմնադրելու գործում օժանդակության` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:
Համաժողովի ընթացքում կներկայացվի տիեզերային կապի կառույցի «Ямал – 12К» շնորհանդեսը, որը հնարավորություն կտա ուսանել ինովացիոն ծրագրերը հեռակառավարման միջոցով, ընդ որում դա ԱՊՀ-ի տարածքում կկիրառվի առաջին անգամ (տեսաասուլիս` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Տոմսկ քաղաքների մասնակցությամբ):
Համաժողովին մասնակցում են` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը, ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ ՌԴ դեսպանւթյան խորհրդական, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության ՀՀ ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և օտարերկրյա այլ բարձրաստիճան հյուրեր: