15/04/2010 18:24
Ֆ. Մուխամետշին. «Հայաստանն ունի լավ գիտական, ինտելեկտուալ բազա»
«Հայաստանն ունի լավ գիտական, ինտելեկտուալ բազա, և մեր պետութունների միջև հարաբերություններն այնպիսին են, որ կարող ենք հույս ունենալ աջակցության այս ոլորտում: Այս նախագծին աջակցում են մեր երկրների ղեկավարները, և այս պիլոտային նախագիծը լավ հեռանկարներ ունի, որպեսզի սրա հիման վրա նման նախագծեր իրականացվեն ԱՊՀ այլ երկրներում»,- այս մասին այսօր «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովի շրջանականերում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԱՊՀ երկրներում, ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինը:
Նա նշեց, որ պիլոտային նախագծի իրականացման համար առաջին երկիր ընտրվել է Հայաստանը, որովհետև երկու երկրների բազմադարյա հարաբերությունները և կադրերի խորհրդային միանման պատրաստվածությունը թույլ են տալիս վստահ լինել, որ գիտական մեծ ձեռքբերումներ կունենանք:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ Ռուսաստանի գիտական ինստիտուտների և ընկերությունների հետ կոնկրետ ծրագրեր կան, որ իրականացվում են, իսկ կենտրոնը թույլ կտա, որպեսզի ծրագրերը հնարավորություն ունենան օգտվել Ռուսաստանում առկա ֆինանսավորման տարբեր աղբյուրներից:
Նախարարը վկայակոչեց 2 ծրագրեր, որ իրականացվում են այս համագործակցության ծրջանակներում. «Սինտրոնիքս ընկերության հետ 1-1.5 տարի է, փորձում ենք Մարս և Մերգելյան ինստիտուտների շրջանակներում կոնկրետ ծրագիր նախատեսել, և Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ ծրագրեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել և ակնկալում ենք, որ Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտը առաջնորդի մեզ, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտը դառնա միջազգային մակարդակի հաստատություն»: