15/04/2010 18:32
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆարիդ Մուխամետշինին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ պետությունների գործերով, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուխամետշինի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կանի հնարավորը համատեղ նախագծերը կյանքի կոչելու համար:
Հանդիպման ընթացքում Ֆարիդ Մուխամետշին վարչապետին տեղեկացրել է, որ իրենք Հայաստանում են Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացմանը և «Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի» հիմնադիր համաժողովին մասնակցելու նպատակով: Նա նշել է, որ կենտրոնի գործունեության հիմնական նպատակը երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների օժանդակումն է` ինովացիոն բաղադրիչի ամրապնդման և ընդլայնման միջոցով:
Նորաբաց կենտրոնի աշխատանքները Հայաստանում իրականացվելու են երկու ուղղություններով` կրթական (աշակերտների և ուսանողների համար) և գիտական: Անդրադարձ է եղել նաև Երևանի Ա.Պուշկինի անվան դպրոցում արդեն մեկնարկած պիլոտային ծրագրին: