16/04/2010 11:45
ԵԽԽՎ-ն զեկույց կներկայացնի` Աբխազիա և Վրաստան կատարած այցից հետո
Աբխազիա և Վրաստան այցելություն կատարելուց հետո ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները խոստանում են պատրաստել զեկույց` առաջիկա նիստում ներկայացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ զեկուցող Մատիաս Յորշը` պատվիրակությունը ժամանել է Սուխումի` «2008 թ-ի օգոստոսի դեպքերից հետո երկրում տիրող իրավիճակի հետ ծանոթանալու նպատակով»:
«Զեկույցը պատրաստվելու է մեր տեսածի և լսածի հիման վրա», - նշել է նա:
ԵԽԽՎ պատվիրակությանը ընդունել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղափշը: Երկրի ղեկավարը պատվիրակության անդամներին ծանոթացրել է Աբխազիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև վրաց-աբխազական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկրի ղեկավարության դիրքորոշման հետ:
ԵԽԽՎ պատվիրակության անդամները նաև հանդիպել են Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբայի և արտգործնախարար Մակսիմ Գվինջայի հետ: