17/04/2010 10:27
Թուրքիան չի պատրաստվում Բակիևին ապաստան տալ
Թուրքիան հերքում է Ղրղզստանի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիևին իր երկրի տարածքում քաղաքական ապաստան տալու վերաբերյալ մամուլում տարածված լուրերը: Այս մասին, ըստ «Զակոն.կզ» լրատվականի, հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը` վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրին:
Նշենք, որ այս հարցի շուրջ Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն չի արել:
Մինչ այդ Թուրքիայի իշխանությունները կապեր են հաստատում Ղրղզստանի նոր ղեկավարության հետ: Հինգշաբթի օրը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարա էր ժամանել Ղրղզստանի նոր կառավարության փոխվարչապետ Ալմազբեկ Աթամբաևը` քննարկելու Ղրղզստանին Թուրքիայի կողմից ֆինանսական օգնության տրամադրումը: