19/04/2010 13:55
Ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր փուլ է մտնում
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը մեր օրերում անցնում է նոր փուլի` պատասխանատվության և փոխհատուցման խնդիրների լուծմանը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
«Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը բացարձակապես տարբերվում է նախորդ փուլերից: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ անցած տարիների ընթացքում, որը կարելի է անվանել նախապատրաստական փուլ, մենք զբաղված էինք ցեղասպանությունների ճանաչման խթանումով: Գործընթացի նպատակն էր, որ հնարավոր շատ երկրներ, կազմակերպություններ և հանրային շրջանակներ իրազեկվեն Հայոց ցեղասպանության մասին, որն, ի տարբերություն Հոլոքոստի, քիչ էր վավերացված»,- նշեց փորձագետը:
Ըստ Ս.Մանուկյանի, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայոց Ցեղասպանության փաստը անվիճելի և անժխտելի է ամբողջ աշխարհում:
«Ամբողջ աշխարհը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը, որովհետև գիտի այն, և պատրաստ է ընդունել, որ կատարվածը պետք է ինչ-որ հետևանքներ ունենա: Այսօր պատմաբաններն արդեն անելիք չունեն. ինչ որ պետք է աներ հայոց պատմագիտությունը և հայագիտությունը թե Հայաստանում, և թե երկրից դուրս` արդեն արված է: Փաստագրական նյութը և հետազոտությունները բավարար են, որ ընդհանրապես ոչ մի կասկած Ցեղասպանության եղելիության մասին էլ չառաջանա»,- շեշտեց նա, հավելելով, որ այն երկրները, որոնք Ցեղասպանությունը պաշտոնապես չեն ճանաչել, չեն գնում այդ քայլի զուտ քաղաքական պատճառներով:
«Մենք այլևս ճանաչման խնդիր չունենք, այլ գնում ենք երկրորդ փուլի` պատասխանատվության և փոխհատուցման խնդիրների լուծմանը»,- ասաց Սուրեն Մանուկյանը, նշելով, որ որպես պատասխանատվության և փոխհատուցման մեխանիզմ կարող է լինել հրեա ժողովրդի ցեղասպանության` Հոլոքոստի դատապարտման և փոխհատուցման փորձը: