19/04/2010 18:45
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հոկեյիստներին
Ապրիլի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականի անդամներին:
Ջերմորեն ողջունելով Հայաստանի հավաքական թիմին` տիկին Հակոբյանը շնորհավորեց փայլուն հաղթանակների և հաջողությունների համար:
Նախարարը հայ հոկեյիստներին խորհուրդ տվեց առավել մեծ ուշադրություն դարձնել իրենց կրթությանը, քանի որ 21-րդ դարը գիտելիքի դար է: Նա նաև կոչ արեց համախմբվել, միասնական լինել` 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու և հաջողություններ արձանագրելու համար:
Տիկին Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ հոկեյի հավաքական թիմն այս հաջողություններով իր ներդրումն ունեցավ Հայրենիքի հզորացման և հայ ժողովրդի միասնության գործում` խոսքը համեմելով նժդեհյան կարգախոսով. «Հայրենիքը չեն սիրում այն բանի համար, որ այն լավն է, այլ այն բանի համար, որ այն քոնն է»:
Այնուհետև, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հոկեյի հավաքականի մարզիչը խոսեց այն մեծ ոգևորության մասին, որ թիմին հաղորդում էին մարզահամերգային համալիրում հավաքված երկրպագուները: Նա նաև հպարտությամբ շեշտեց, որ իրենց թիմում հայրենասիրական ոգին բարձր է, իսկ դա կարևոր նախապայման է հաջողությունների հասնելու ճանապարհին:
ՀՀ սփյուռքի նախարարը հյուրերին ծանոթացրեց նաև «Արի տուն» ծրագրին և խորհուրդ տվեց հաճախակի այցելել Հայրենիք: