19/04/2010 09:53
Եվրոպայի ավիափոխադրողները պահանջում են բացել երկինքը
Եվրոպական ավիափոխադրողները, ում աշխատանքը կաթվածահար է եղել Իսլանդիայում հրաբուխի ժայթքման հետևանքով, պահանջում են «անմիջապես վերանայել» մեծաթիվ չվերթների չեղյալ հայտարարելու մասին որոշումը: Նրանք ահազանգում են ոլորտին հասցված «ծայրահեղ ծանր բացասական» հետևանքների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՄ նախագահող Իսպանիան մտադիր է այսօր արտակարգ խորհրդակցություն անցկացնել` Եվրոպայում կաթվածահար եղած ավիահաղորդակցության պայմաններում միասնական ծրագիր մշակելու նպատակով:
Ապրիլի 14-ին սկսված իսլանդական հրաբուխի ժայթքումը փակել է մի շարք երկրների օդային տարածքը, մասնավորապես Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Իռլանդիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լյուքսեմբուրգի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Սերբիայի, ինչպես նաև Ֆրանսիայի, Իտալիայի և Նորվեգիայի հյուսիսային հատվածների և Գերմանիայի օդային տարածքի մեծ մասը: