20/04/2010 17:38
Հայ պատանի բռնցքամարտիկները Բաքու կմեկնեն ապրիլի 23-ին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է 5 օրով և կմեկնարկի ապրիլի 25-ին` կապված իսլանդական հրաբխի հետևանքով ավիաընկերությունների կողմից չվերթերի դադարեցման հետ: ԱԻԲԱ-ն, նկատի ունենալով օդային հաղորդակցության ոլորտում ստեղծված իրավիճակը, որոշեց ևս 5 օր ժամանակ տրամադրել մասնակիցներին` մրցավայր ժամանելու համար:
Հայաստանի պատանեկան ընտրանին, որը Վրաստանի հասակակիցների ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Թբիլիսիում, որոշել է երեք օր ուշացումով ժամանել Ադրբեջանի մայրաքաղաք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտարարել էր, որ հայկական պատվիրակության ծրագրերն անփոփոխ են մնում, սակայն արդեն այսօր նշեց, որ, այնուամենայնիվ, հայաստանյան մարզական պատվիրակությունը, նկատի ունենալով շատ հանգամանքներ, որոշել է Բաքու մեկնել առաջնության մեկնարկից երկու օր առաջ` ապրիլի 23-ին: