20/04/2010 10:57
Էռնեստ Վարդանյանի ծնողները բաց նամակով դիմել են ՌՀՄ նախագահին
Մերձդնեստրում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված հայազգի լրագրող ու քաղաքագետ Էռնեստ Վարդանյանի ծնողները բաց նամակ են հղել Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
«Նա ձերբակալվել է ապրիլի 7-ին պետական դավաճանության մեղադրանքով, քրեական օրենսգրքի այս հոդվածի համար նախատեսված է ազատազրկում մինչև 20 տարի: Ընդ որում, ոչինչ չի հաղորդվում, թե կոնկրետ ինչ անօրինականություն է թույլ տվել նա»,- ասված է լրագրողների ծնողների նամակում, որը մեզ տրամադրել է Ասպարեզ մամուլի ակումբը:
Նրանք նաև ընդգծել են, որ «քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մոտ դժգոհություն է առաջացրել այն, որ Էռնեստը համագործակցել է մոլդովական որոշ ԶԼՄ-ների հետ, մասնակցել միջազգային ծրագրերի»:
Լրագրողի ձերբակալությանն արձագանքել են միջազգային լրատվամիջոցները, դեպքի հետ կապված Տիրասպոլ է այցելել Մոլդովայում ԱՄՆ դեսպանը՝ բանակցելու Մերձդնեստրի ղեկավարի հետ:
«Մեզ անհագստություն է պատճառում այն, որ հենց սկզբից քննությունն ընթացել է օրենքի խախտումներով»,-ասված է նամակում: Ծնողները նշել են, որ դատավարությունը փակ է, մասնակցելու իրավունք ունեն միայն ծնողները, իսկ անկախ փաստաբանին այդպես էլ թույլ չեն տալիս տեսակցել նրա հետ, նրանք նաև անհանգստություն են հայտնում Էռնեստի առողջական վիճակի վերաբերյալ:
Նամակով ծնողները Արա Աբրահամյանից խնդրում են աջակցություն, որպեսզի Էռնեստ Վարդանյանի նկատմամբ ընթանա արդար, բաց դատաքննություն, ինչպես նաև իրականացվեն Մարդու իրավունքերի պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի նորմերը: