21/04/2010 11:24
Երևանի ՀՇԳՑԷ-ի բացմանը ներկա էր ՀՀ նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ Երևանի Համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) պաշտոնական բացումը: Էներգաբլոկի շինարարության հիմնարկեքի արարողությանը, որը կատարվել է 2008 թ-ի հունիսի 30-ին, ևս մասնակցել է ՀՀ նախագահը:
Aysor-ի թղթակցի փոխանցմամբ, բացման խոսքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ Երևանի ՀՇԳՑԷ-ի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թ-ի մարտին ստորագրվել է փոխառության համաձայնագիր, որի գումարը կազմել է մոտ 26.409 միլիարդ ճապոնական իեն կամ շուրջ 284 մլն ԱՄՆ դոլար` 0.75 տոկոս տոկոսադրույքով և 30 տարի մարման ժամկետով:
Իր հերթին բացման արարողությանը ներկա Հայաստանում Ճապոնիայի կառավարության դեսպանորդ Հիրոշի Մինամին ընդգծել է, որ հայ-ճապոնական համագործակցությունը շարունակվելու է և հետագայում ևս տնտեսական համագործակցությունը կաջակցի նման ծրագրերի իրականացմանը Հայաստանում:
Նորակառույց էլեկտրակայանին գործարկման լիցենզիա է հանձնվել ՀԾԿՀ-ի կողմից: Նշվել է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համաժողովը արդեն տվել է եզրակացություն այն մասին, որ կայանը պատրաստ է շահագործման: