21/04/2010 17:22
Բացվեց «Շինարարություն և ինտերիեր 2010» ցուցահանդեսը
Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց «Շինարարություն և ինտերիեր 2010» ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 100 տեղական և արտերկրյա ընկերությունների մոտ 500 ապրանքատեսակներ: Հատկանշական է, որ ընկերությունների շուրջ 10 %-ը բացվել է ճգնաժամի պայմաններում:
Ցուցահանդեսի բացումը կատարեցին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը և միջոցառման կազմակերպիչ «Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը:
«Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է շուկային ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ և ապրանքատեսակներ: Այս ցուցահանդեսը նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն է տալիս նաև գտնել շուկաներ և նոր գործընկերներ»,- ասաց Մ. Սարգսյանը:
Սակայն, ըստ Մ. Սարգսյանի, հայկական շուկան լեցուն է հատկապես արտասահմանյան շինարտադրանքով:
Նշենք, որ ընդամենը 20 օր առաջ կրկին տեղի էր ունեցել շինարարական արտադրանքի ցուցահանդես, որին մասնակցում էին առավելապես արտասահմանյան կազմակերպություններ:
Հավելենք, որ Հայաստանում 2010 թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է շինարարության համախառն ծավալների 0.6 % անկում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին շինարարության ծավալը հանրապետությունում կազմել է 46 մլրդ 718 մլն դրամ: Սակայն փետրվարի համեմատ մարտին շինարարության ծավալներն աճել են 24.6 %-ով: